Հարգելի դպրոցական համայնք, այս՝ 2025-2026թթ․ ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ Եթե ունեք 1-ին դասարան ընդունվող երեխա, ապա եղեք ուշադիր և ըստ ժամանակացույցի կատարեք ստորև ներկայացված քայլերը։
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման բուն գործընթացը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։
Քայլ 1: Երեխայի տվյալների ստուգում
Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ մայիսի 5-ից սկսած՝ կարող եք ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացը ճիշտ իրականացնելու համար։
Առաջին փուլ
Հունիսի 9-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրվել ցանկացող ծնողները։
Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե՝
- Հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում
- Հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է
- Հայտագրվող երեխայի ծնողը ՀՀ պետական համակարգի աշխատող է, որը առնվազն 6 ամիս ժամկետով տեղափոխվել է այլ բնակավայր աշխատանքային պարտականության պատճառով
Երկրորդ փուլ
Հունիսի 24-ից հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական դպրոցների բոլոր առաջին դասարանցիների համար։ Ներկայում ընդգրկվում են նաև օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, երբ ծնողներից մեկը համապատասխան խմբի անդամ է։
Երրորդ փուլ
Հուլիսի 1-ից հայտագրումը կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի, կամ քաղաքացիություն չունեցող անձ, կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է։
Կարևոր է նշել՝ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։
Ի՞նչ անել, եթե ձեր երեխան հայտագրվել է համակարգում
Եթե ձեր երեխային արդեն հայտագրել եք 1-ին դասարանում և տեսել եք «Ձեր երեխան հայտագրված է» ծանուցագիրը, անհանգստանալու առիթ չկա։
Սակայն անհրաժեշտ է գործերը դպրոցին փոխանցել հունիսի 26-ից օգոստոսի 31-ը, ժ. 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում։
Փաստաթղթերի ցանկ
Գործերը հանձնելիս անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը.
- Երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճեն (սոցքարտի համար)
- 3 x 4 չափի 2 լուսանկար
- Երեխայի ծննդյան վկայականի բնօրինակ և պատճեն
- Ծնողներից մեկի անձնագրի պատճեն